Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Բանակի օրվա առթիվ․

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Բանակի օրվա առթիվ․
28.01.2026 | 11:41

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական Մեր սերը և Հայրապետական օրհնությունն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին՝ Բանակի օրվա առիթով։

Նորանկախ մեր պետականության ձևավորման տարիներին ծնունդ առած մեր բանակը իր առաքելության մեջ հատկանշվել է արդարության ու ազատության համար անվեհեր պայքարով: Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի։ Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախի բռնազավթման պատերազմի ընթացքում մեր բանակի մարտիկները անվեհեր պայքար մղեցին, նահատակվեցին բազում հայորդիներ։ Նրանց հերոսական սխրագործությունները մշտապես ոգեշնչելու են մեր զորականներին իրենց նվիրյալ ծառայության մեջ։

Հայրապետիս մաղթանքն է, որ Հայոց բանակը՝ իբրև մշտարթուն պաշտպանը մեր երկրի, շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները՝ իր արիությունն ու տոկունությունը շաղախելով առ Աստված հավատքով՝ ըստ առաքյալի խոսքի. «Զորացե՛ք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ. և Աստծու սպառազինությունը հագեք» (Եփ. 6.10)։

Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Տերն Իր Սուրբ Աջով պահապան ու զորակից լինի մեր բանակի սպաներին ու զինվորներին, խաղաղություն հաստատվի համայն աշխարհում ու մեր հայրենիքում, և հավատավոր մեր ժողովուրդը նորանոր ձեռքբերումներով հարատևի ապահովության ու բարօրության մեջ. ամեն։

Դիտվել է՝ 4164

Մեկնաբանություններ